Sos Theatre
Sos Theatre
ARM

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվին ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի ստեղմանն էապես նպաստել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որ մինչ օրս էլ ամուր կապեր ունի պետական Համազգային թատրոնի հետ: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են` Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք:
Համազգային թատրոնի նպատակներն են`
• Հավատարիմ մնալ հայերեն լեզվամտածողությանն ու տարածել անաղարտ հայոց լեզուն և հայկական թեմաները:
• Հասարակության մեջ նպաստել ներդաշնակության կայացմանը:
• Հասարակության զարգացման խթան հանդիսանալ:
• Համագործակցել միջազգային և տեղական թատերական գործիչների և կազմակերպությունների հետ:
• Կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին:
• Ունենալ հավասարակշռված խաղացանկային քաղաքականություն` որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին:

Ունենալով ակտիվ գործունեություն և ձեռք բերելով մեծ հեղինակություն 2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ թատրոնն ստանում է պետական կարգավիճակ` անվանվելով Պետական Համազգային Թատրոն:
2000 թվականին թատրոնում կատարվեց սերնդափոխություն, որը թատրոնին տվեց նոր շունչ: Սերնդափոխությանը նպաստեց նաև թատրոնի աշխարհագրական դիրքը` Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի շենքում գտնվելու հանգամանը: Մեծ և հայտնի դերասաններին փոխարինեցին տաղանդավոր երիտասարդների մի խումբ, ովքեր այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլոք:
Թատրոնի ստեղծագործական կազմին յուրահատուկ որակ են բերում ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ - նկարիչ Դավիթ Մինասյանը:
2009 թվից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը, ով նոր ընթացք է հաղորդել Համազգային թատրոնի գործունեությանը:
Համազգային թատրոնը պարբերաբար հյուրախաղերով հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում և այլուր:
Համազգային թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական թատերական կյանքում: Այն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այսօր Հայաստանի ամենահեղինակավոր թատերական գործիչն է, թատրոնը նաև ունի ամենաուժեղ երիտասարդական դերասանական կազմը, ունի մեծ և բազմաժանր խաղացանկ, օրեցօր մեծանում է թատրոնին համակրողների թիվը: